11 մայիսի 2011 - 08:36 AMT
«Հայ Դատի» ղեկավար. Հայ-թուրքական գործընթացում առաջընթաց չի լինի անգամ Թուրքիայում ընտրություններից հետո

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում չարժե առաջընթաց ակնկալել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել «Հայ Դատի» և ՀՅ Դաշնակցության քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը:

«Ամենայն հավանականությամբ առաջիկա ընտրություններում կրկին կհաղթանակի կառավարող Արդարության և զարգացման կուսակցությունը, որը մշտապես հայտարարում է, որ հայ-թուրքական գործընթացում փոփոխություններ չեն լինի մինչև ղարաբաղյան հակամարտությունը չկարգավորվի: Այնպես որ Հայաստանն այդ հարցում չպետք է հույսեր և երազանքներ կապի` սպասելով ընտրություններին»,- ասել է Մանոյանը:

Նրա խոսքով, Հայաստանը պետք է հետ կանչի հայ-թուրքական Արձանագրությունների ներքո իր ստորագրությունը և հայտարարի, որ պատրաստ կլինի բանակցություններ վարել Թուրքիայի միայն այն ղեկավարության հետ, որը պատրաստ կլինի հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների: