«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը եւ Արմեն Մարտիրոսյանը մայիսի 11-ին հանդիպել են ԱՄՆ Պաշտպանության պետական համալսարանի Պատերազմի պետական քոլեջի պատվիրակությանը, որի կազմում էին վերջինիս պրոֆեսորադասախոսական ու վերլուծական անձնակազմի մի շարք ներկայացուցիչներ, հայտնում է կուսակցության մամլո ծառայությունը:
Ստյոպա Սաֆարյանը եւ Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեցին «Ժառանգություն» կուսակցության դիրքորոշումները Հայաստանի արտաքին բարդ միջավայրի, անվտանգության խնդիրների, արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ:
Ամերիկացի վերլուծաբանների խնդրանքով «Ժառանգության» պատգամավորները ներկայացրեցին կուսակցության հիմնավորումները Արցախի Հանրապետության ճանաչման, հայ-թուրքական հաշտեցման գործընթացի, մասնավորապես` Ցեղասպանության ճանաչման, պատմական հայրենիք ու նրա ժառանգության մատչելիության, Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայիս քաղաքականության շարունակվելու դեպքում անխուսափելի բացասական հետեւանքների ու այլ տարածաշրջանային հարցերի կապակցությամբ:
Հարցուպատասխանը ներառեց նաեւ ապագա ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության մասնակցության ձեւաչափերին, ժողովրդավարական ընտրությունների ու քաղաքական գործընթացների հեռանկարը մթագնող գործոններին վերաբերող հարցեր: