Մայիսի 12-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա պատերազմի մասնակից Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը պարզ, մարդկային արժեքների մասին է, թե ինչպե՞ս պահպանել արժանապատվությունն այս քաոսում, ինչպե՞ս մնալ մարդ այդ ամենին ականատես լինելուց հետո:
«Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայի կողմից ստեղծված «Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» լիամետրաժ վավերագրական ֆիլմի ցուցադրությունը սկսվել է 2007թ.-ից: Ֆիլմն արցախյան պատերազմի և խաղաղության մասին է, որը մեծ աղմուկ բարձրացրեց հատկապես Ադրբեջանի իշխանական և հասարակական թևերում:
BBC (Մեծ Բրիտանիա), PBS (ԱՄՆ) WDR (Գերմանիա), ARTE (Ֆրանսիա), YLE (Ֆինլանդիա) միջազգային անվանի կինոարտադրողների հետ համատեղ ստեղծված այս ֆիլմը թարգմանվել է 15 լեզուներով և արժանացել ավելի քան 20 հեղինակավոր միջազգային մրցանակների (Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի FIPRESCI մրցանակ, «Լավագույն Նոր Վավերագրական Կինոռեժիսոր» Նյու-Յորքի Թրայբեկա կինոփառատոնում, Լավագույն վավերագրական ֆիլմ «Ոսկե Ծիրան» Միջազգային Կինոփառատոնում և այլն):
Ֆիլմի միջազգային ցուցադրությանը դեմ էին արտահայտվել Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչները ողջ աշխարհում, սակայն այդ պահանջը մերժվեց: