13 մայիսի 2011 - 12:16 AMT
Անահիտ Հարությունյան. Հայաստանում ՄԻԱՎ-ի վարակակիրները անտեսված են հասարակության կողմից

«Օրերս Արմավիրի մարզում երեխայի վիրահատության ժամանակ բժիշկները պարզել են, որ նա վարակված է ՄԻԱՎ-ով, որը նրան փոխանցվել է հորից: Այս դեպքից հետո այս ընտանիքը չի կարողանում տեսնել իր երեխային, և լուրը տարածվել է ողջ մարզով» ,- մայիսի 12-ին Երևանում մամուլի-ասուլիսի ժամանակ ասաց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի համանախագահ Սեմ Թադևոսյանը:

Թադևոսյանի խոսքով, ինչպես նաև «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» Հկ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանի և «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանի կարծիքով Հայաստանում ՄԻԱՎ-ի վարակակիրները անտեսված են հասարակության, ինչու չէ` նաև կառավարության կողմից: Հովսփեյանը ընդգծեց, որ Հայաստանում լուրջ խնդիր է բժշկական գաղտնիությունը, և մարդիկ վախենում են, որ իրենց հիվանդության մասին կիմանան իրենց շրջապատում:

«Հայաստանում 2010 թվականի տվյալներով գրանցված է 1040 ՄԻԱՎ վարակակիր, սակայն վիճակագրությունը անըդհատ փոխվում է: Ողջ աշխարհում մայիսի 3-րդ կիրակին նշվում է որպես ՁԻԱՀ –ից մահացածների հիշատակի օր, մայիսի 15-ին Հայաստանում ևս տեղի կունենան մի շարք միջոցառումներ, որոնք կկրեն «Դիպչելով սրտերին» կարգախոսը: Մոմավառություն տեղի կունենա Երևանում, Գյումրիում և Վանաձորում» ,- նշեց Անահիտ Հարությունյանը:

1988 թվականից մինչ այսօր Հայաստանում ՄԻԱՎ վարակից մահացել է 242 մարդ, և այդ օրը Հարությունյանի կարծիքով, ունի խորհուրդ` վերացնել մարդկանց մեջ անտարբերությունը: