13 մայիսի 2011 - 13:07 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Դաշնակցությունը վախենում է` հանկարծ խորհրդարանը պատանդ չդառնա կառավարության ձեռքում

ՀՅ Դաշնակություն կուսակցությունը չի վախենում Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հարցերով հանձնաժողովից, որի ստեղծումը նախատեսվում է ՀՀ ԱԺ այս քառօրյայի ընթացքում ըդնունված «Հանրային ծառայության մասին» օրենքով: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: «Մենք չենք վախենում էթիկայի հարցերով հանձնաժողովի ստեղծումից, քանի որ մենք թաքցնելու բան չունենք: Բայց մենք մտավախություն ունենք այն առիթով, որ այդ հանձնաժողովը կարող է դառնալ պաշտոնատար անձանց և պատգամավորների հետապնդման գործիք ընտրությունների նախաշեմին»,- ասել է խմբակցության քարտուղարը:

Բացի դրանից, Շահբազյանը նշել է, որ Հայաստանի խորհրդարանում ձևավորվել է վատ պրակիտիկա` Հայաստանի Ազգային ժողովին ստիպում են շուտափույթ կերպով ընդունել կառավարության կողմից ներկայացրած օրինագծերը: Շահբազյանի կարծիքով, այդպիսով խորհրդարանը «պատանդ է դառնում կառավարության ձեռքում»:

Ի պատասխան այդ հայտարարության, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշել է, որ խորհրդարանը երբեք չի եղել և չի լինի կառավարության պատվերները կատարող: Ինչ վերաբերվում է «Հանրային ծառայության մասին» օրինագծին, ՀՀԿ խմբակցության ղեկավարը համաձայնել է, որ օրենքը որոշակի թերություններ է պարունակում: «Հենց այդ պատճառով ՀՀ ԱԺ խոսնակն առաջարկել է խմբակցություններին ներկայացնել իրենց առաջարկները օրինագծում փոփոխություններ կատարելու համար»,- հիշեցրել է Սահակյանը:

ՖՈՏՈՇԱՐՔ