13 մայիսի 2011 - 15:00 AMT
Փարիզում միջազգային հանրությանը կներկայացվի խաչքարագործության արվեստը

Հունիսի 15-24-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կներկայացվի խաչքարագործության արվեստը: Ինչպես տեղեկացրել է լրագրողներին ՀՀ մշակույթի փախնախարար Արև Սամուելյանը, ցուցահանդեսը տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակում կայանալիք միջազգային գիտաժողովների շրջանակներում, որոնց մասնակցելու են բազմաթիվ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը: Ցուցադրությունը ներառում է Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի հեղինակած լուսանկարները, որտեղ պատկերված են վաղնջական ժամանակներից մինչև ժամանակակից շրջանի խաչքարեր: Բացի դրանից, այդ մեկ շաբաթվա ընթացքում հայ խաչքարագործ վարպետը բոլոր այցելուների աչքի առաջ խաչքար կկերտի: Սամուելյանը նաև նշել է, որ առայժմ հայտնի չէ Հայաստանի պատվիրակության կազմը:

2010 թ-ի նոյեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր ազգային ոչ նյութական արժեքների ցանկում ներառել է խաչքարը՝ Հայաստանի Հանրապետության ներկայացրած «Խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» անվանումով: Այս տարի նույն ցանկում ընդգրկվելու համար ՀՀ մշակույթի նախարարությունը երկու հայտ է ներկայացրել՝ առաջարկելով ցուցակում ընդգրկել հայկական աշուղական սիրային քնարերգությունը և Վարդավառի տոնը, իսկ 2012 թ-ի համար` «Սասնա ծռեր» էպոսը: Այս տարվա արդյունքները կհրապարակվեն նոյեմբեր ամսին: