Մայիսի 13-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում բացվեց Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին նկարիչ Գևորգ Մշեցու նկարներն ու քանդակները: Ցուցահանդեսի նպատակն է հնարավորություն ընձեռել խորացնելու մշակութային բազմազանության արժեքների ընկալումը:
Ցուցահանդեսի ժամանակ Գևորգ Մշեցին ասաց. «Ավելի քան տասը տարի ես համագործակցում եմ ՄԱԿ -ի հետ և գնահատում եմ նրանց աջակցությունը: Այն ինձ քաջալերում և խրախուսում է արվեստի միջոցով տարբեր ազգերի միջև ստեղծել փոխըմբռնում, հանդուրժողականություն և երկխոսություն»:
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը մայիսի 21-ը հռչակել է Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օր և ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001թ. Մշակութային բազմազանության մասին համընդհանուր հռչակագիրն ու վերջինիս իրագործման Գործողությունների ծրագիրը: Հայաստանը ՄԱԿ-ի անդամ պետությունների շարքում մասնակցում է այդ Գործողությունների ծրագրի իրագործմանը:
Ցուցահանդեսը բաց կլինի ՄԱԿ-ի գրասենյակում մինչև մայիսի 31-ը: