13 մայիսի 2011 - 20:48 AMT
Իրանը թույլ չի տա, որ հրահրումները Ղարաբաղի գոտում օտար ուժերի ներկայության առիթ դառնան

Իրանը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ հակամարտության վերաբերյալ այն համոզմանն է, որ հարատեւ խաղաղության հաստատման համար այն պետք է կարգավորվի երկխոսության, ռազմական որեւէ ուժի չկիրառման եւ ինքնորոշման իրավունքի հարգման միջոցով: Այդ մասին ասվում է Հայաստանում Իրանի դեսպանատան հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը մեկ անգամ եւս շեշտում է, որ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշումը արտաքին քաղաքականության բոլոր խնդիրների վերաբերյալ արտահայտվում է մեծարգո նախագահի, արտաքին գործերի նախարարի եւ ԱԳՆ խոսնակի կողմից, ուստի հիշատակված շրջանակից դուրս արտահայտված ցանկացած տեսակետ համարվում է անձնական մոտեցում:

Դեսպանությունը հայտնում է, որ ԻԻՀ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային բոլոր հակամարտությունների վերաբերյալ հիմնված է եղել կողմերին երկխոսության հրավիրելու եւ հակամարտությունները կարգավորելու եւ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ուղղությամբ միջնորդական ջանքերը սատարելու վրա, եւ Տաջիկստանի, ԱՖղանստանի ու Իրաքի ներքին հակամարտությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը դրա վկայությունն է:

Եւ քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միակ երկիրն է, որը հակամարտության գոտու հետ ունի ընդհանուր սահման, ուստի ցանկացած հրահրման եւ այս տարածաշրջանում լարվածության ստեղծման առնչությամբ հայտնում է իր մտահոգությունը եւ թույլ չի տալիս, որ նման հրահրումները տարածաշրջանում օտար ուժերի ներկայության առիթ դառնան»: