Կրթական ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի ու Թաիլանդի և Միացյալ Թագավորության Ռիջենտս դպրոցի հիմնադիր նախագահ Վիրաչայ Թեչավիչիթի հանդիպման ժամանակ:
Ողջունելով հյուրին` Կարեն Կարապետյանը նշել է, որ մայրաքաղաքի արդյունավետ կառավարման գործառույթից բացի, քաղաքապետարանը կարևորում է ևս երկու խնդիր` կրթված հասարակության ձևավորումն ու ներդրողների համար Երևանում դյուրին, մատչելի և հարմարավետ բիզնես միջավայրի ստեղծումը. «Այս երկու գործոնների առկայության դեպքում է, որ երկիրը լավ ապագա կարող է ունենալ»,- ընդգծել է քաղաքապետը:
Վիրաչայ Թեչավիչիթը քաղաքապետին է ներկայացրել Ռիջենտս դպրոցի պատմությունը, ավանդույթներն ու կրթական ծրագրերը. «Մենք մեր դպրոցում պատրաստում ենք բազմակողմանի զարգացած առաջնորդներ»,- նշել է դպրոցի հիմնադիրը:
Հաշվի առնելով Ռիջենտսի միջազգային ճանաչումը, ինչպես նաև բարձր գնահատելով դպրոցի կրթական ծրագրերի մակարդակը, Կարեն Կարապետյանը հյուրին առաջարկել է Երևանում նույնպես հիմնել ավանդույթներով հարուստ նմանատիպ դպրոց:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին վստահության համար` Վիրաչայ Թեչավիչիթը պատրաստակամություն է հայտնել բազմակողմանի վերլուծել առաջարկն ու խոստացել է մինչ Թաիլանդ վերադառնալը ներկայացնել հստակ առաջարկների փաթեթ:
Հանդիպման վերջում Կարեն Կարապետյանը Երևանում իրականացրած բարեգործական կրթական ծրագրերի համար Ռիջենտս դպրոցի նախագահին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: