14 մայիսի 2011 - 14:29 AMT
Աշխարհահռչակ չինացի ջութակահար Ֆեն Նինը համերգով հանդես կգա Երևանում

Մայիսի 14-ին Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր գիրիժոր Սերգեյ Սմբատյան): Այս անգամ նվագախումբը համագործակցում է Ն. Պագանինիի անվան ջութակահարների միջազգային մրցույթի հաղթող, չինացի աշխարհահռչակ ջութակահար Ֆեն Նինի հետ: Ծրագրում ներկայացված է Ն. Պագանինիի ջութակի No.1 կոնցերտը և Դ.Շոստակովիչի կամերային սիմֆոնիան:

Ֆեն Նինը ծնվել է 1981 թ-ին: Սովորել է Սիչուանի (Չինաստան) կոնսերվատորիայում, Լոնդոնի թագավորական ակադեմիայում, ինչպես նաև Բեռլինում՝ Այսլերի անվան երաժշտության բարձրագուն դպրոցում: Նա Լոնդոնի ակադեմիայի առաջին շրջանավարտն է, որն իր դիպլոմային աշխատանքի համար 100 հնարավորից հավաքեց 100 միավոր: Մինչ Ֆեն Նինը բարձրագույն միավորը եղել է 85: Չնայած իր երիտասարդ տարիքին, նա արդեն բազմաթիվ մրցույթների և փառատոնների դափնեկիր է, և ելույթ է ունեցել բազմաթիվ աշխարհահռչակ նվագախմբերի և անհատ կատարողների հետ: