14 մայիսի 2011 - 15:55 AMT
BarCamp Yerevan 2011 ՏՏ մասնագետների չկոնֆերանսի գրանցումը սկսված է

Այսօրվանից, մայիսի 14-ից, կարելի է գրանցվել BarCamp Yerevan 2011-ին մասնակցելու համար։ Երիտասարդ ՏՏ մասնագետների չկոնֆերանսի կայքը՝ barcamp.am-ն արդեն թարմացված է։

BarCampYerevan 2011-ի կամզակերպիչներից Արփինե Գրիգորյանը տեղեկացրեց PanARMENIAN.Net-ի թղթակցին, որ հիմա կայքում թարմացվում են BarCampYerevan 2011-ի մասին բոլոր տեղեկությունները. «Արդեն պատրաստ է գրանցման էջը, Facebook իրադարձությունը, շուտով վերջնական պատրաստ կլինի նաև հյուրերի մասին էջը և հասանելի կլինեն բաններները։ Ցանկացողները կարող են տեղադրել դրանք իրենց բլոգերում կամ կայքերում»։

BarCampYerevan 2011-ի հաստատված հատուկ հյուրերն են՝ «Վիմպելկոմ» ընկերության ԱՊՀ երկրներում հասարակության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Մինեևը և բրենդ հաղորդակցությունների մենեջեր Եկատերինա Տուրցևան, Livejournal ցանցի հայտնի բլոգեր Դմիտրի Չերիշեւ (mi3ch), Օպերա սոֆթվեր ընկերությունից ստանդարտների տնօրեն Չարլզ ՄըքՔադիվիլը (chaals) և հաղորդակցության մենեջեր Վլադիմիր Իսաևը, բաժինների տեխնիկական և սոցիալական զարգացման գծով մասնագետ Ադրիանուս Վերմենհովեն և Բի-բի-սիի հաղորդավար և լրագրող Փունեհ Ղոդուսին։

Ինչպես տեղեկացրեց PanARMENIAN.Net-ի թղթակցին կազմակերպիչներից Գեղամ Վարդանյանը, հնարավոր է, որ հատուկ հյուրերի թիվն ավելանա։

BarCampYerevan 2011-ը կկայանա հունիսի 4-5-ը Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ BarCampYerevan 2011-ի պաշտոնական թեգն է #barcampevn11.

BarCamp-ը միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, և հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։ BarCamp են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, Ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ Չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։

Այս տարի BarCamp Yerevan-ին աջակցում են «ԱրմենՏել» նըկերությունը, «Ինտերնյուս» մամուլի աջակցման ՀԿ-ն և «Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերությունը։

Երևանում BarCamp չկոնֆերանսը անցկացվում է 2009-ից։