16 մայիսի 2011 - 20:38 AMT
Թբիլիսիի 104 դպրոցում տեղի ունեցավ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան տարելիցին նվիրված ցերեկույթ

Մայիսի 13-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելեց Թբիլիսիի թիվ 104 միջնակարգ հայկական դպրոց: Դպրոցի տնօրեն Կարինե Մանուկյանը Հայաստանի դեսպանին, այլ պատվավոր հյուրերի թվում, հրավիրել էր մասնակցելու Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյա հոբելյանի առթիվ դպրոցի աշակերտների ուժերով կազմակերպված տոնին:

Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթը, «Վիտա» համալսարանի պրոֆեսոր Յուրի Սաֆարովը և թբիլիսահայ համայնքի մտավորականության այլ ներկայացուցիչներ:

Աշակերտները ջերմությամբ ընդունեցին հյուրերին և ոգևորությամբ կատարեցին հայկական երգեր, պարեր և արտասանեցին հայալեզու բանաստեղծություններ:

Միջոցառման հանդիսավոր մասի ավարտին կայացավ դպրոցի հետագա զարգացմանը վերաբերող հարցերի քննարկում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: