16 մայիսի 2011 - 20:43 AMT
Չեխական «Բարանդով» ստուդիան ցանկություն է հայտնել համագործակցելու Հայաստանի հետ

Կաննի կինոշուկայի չեխական տաղավարում մայիսի 16-ին կայացավ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի և «Բարանդով» ստուդիայի վաճառքների գծով տնօրեն Պիտեր Տիչիի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին երկարատև և բազմաշերտ կինոհամագործակցություն սկսելու մանրամասները: Ըստ նախնական պայմանավորվածության, աշնանը Երևանում կկազմակերպվի «Բարանդով» կինոստուդիայի շնորհանդեսը: Այդ օրերին Երևանում տեղի կունենա նաև չեխական մեկ մանկական ֆիլմի ցուցադրություն և կանցկացվի սեմինար ուսանողների համար:

Գևորգ Գևորգյանի խոսքով, այս համագործակցությունը չափազանց կարևոր է հայկական կողմի համար, քանի որ միաժամանակ նկարահանվող ֆիլմերը կարող են հետարտադրական փուլի աշխատանքները շարունակել Պրահայում: Չեխական կողմը առաջարկում է նաև Չեխիայի տարածքում կազամակերպել նաև այդ ֆիլմերի վարձույթը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամլո ծառայությունը, դեռևս մեկ տարի առաջ սկսված բանակցությունների արդյունքում չեխական կողմն արդեն համաձայնություն է տվել վերցնելու ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Սրբագրողը» ֆիլմի համաարտադրությունը` կինոնկարի հետարտադրական փուլի համար (նախատեսվում է մայիսի 17-ին ստորագրել պայմանագիրը):

Այս օրերին հայկական տաղավար են այցելել կինոշուկային մասնակցող մի շարք երկրների ներկայացուցիչները, որոնք հատկապես հետաքրքրված են նոր նախագծերով: Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ , Կաննի կինոշուկայի հայկական տաղավարում կայացավ նաև Մարիա Սահակյանի «Ալավերդի» ֆիլմի աշխատանքային տարբերակի դրվագների ցուցադրությունը: Կինոնկարի պրոդյուսեր Վիկտորիա Լյուպիկը խոսեց ֆիլմի մասին, նշեց, որ այն գտնվում է հետարտադրական փուլում, սակայն կան ֆինանսկան խնդիրներ և իրենք փորձում են շուկայում նոր գործընկերներ գտնել` ֆիլմն ավարտին հասցնելու համար:

Դրա հետ մեկտեղ հայկական տաղավարում ֆիլմերի աշխատանքային տարբերակների ցուցադրությունը նախապես համաձայնեցված է դրանց պրոդյուսերների հետ: