17 մայիսի 2011 - 19:53 AMT
Հայաստանի փոխվարչապետը պատմեց 2011թ. աշնանը կայանալիք համապետական մարդահամարի նախապատրաստման մասին

Մայիսի 17-ին Հայաստանի փոխվարչապետ, ՀՀ 2011թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանն ընդունեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) պատվիրակությանը` տարածաշրջանային տնօրեն Թեյա Ֆիերենայի ղեկավարությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը:

Փոխվարչապետը նախ շնորհակալություն հայտնեց հյուրին` այսօր Երևանում կայացած փախստականների բնակարանային ապահովության հարցերին նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու համար:

Արմեն Գևորգյանը ներկայացրեց աշնանը կայանալիք համապետական մարդահամարի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Նշվեց, որ բուն մարդահամարի կազմակերպչական, մեթոդոլոգիական հիմնական աշխատանքերն իրականացվել են, հայկական կողմը ներկայումս աշխատում է միջազգային դոնոր կազմակերպությունների, տարբեր պետությունների հետ` միջոցների ներգրավման ուղղությամբ:

Թեյա Ֆիերենան ևս կարևորեց միջոցառման անցկացումը` ընդգծելով մարդահամարի արդյունքում արձանագրված տվյալների նշանակությունը պետության համար: Նա աջակցության պատրաստակամություն հայտնեց` նշելով, որ հիմնադրամն առաջիկայում կանդրադառնա մարդահամարի օժանդակության հարցին, կաջակցի նաև այլ պետությունների և դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությանը: