18 մայիսի 2011 - 12:16 AMT
Տյումենում հայերի ընտանիք է գնդակահարվել

Տյումենում հրեշավոր հանցագործություն է կատարվել՝ հանցագործները գնդակահարել են մի ողջ ընտանիք՝ չորսը սպանված են, երկուսը տուժել են: Հաշվեհարդարը կատարվել է Կույբիշևի փողոցում գտնվող մասնավոր տանը՝ դիմակավորված երկու հարձակվողները գնդակահարել են տան տիրուհուն, նրա քաղաքացիական ամուսնուն և նրանց 1972թ. և 1974թ. ծնված որդիներին: Այս երկուսը նախկինում դատված են եղել: Հրազենային վերքեր են ստացել նաև 36-ամյա աղջիկն ու 8-ամյա թոռնուհին: Բոլոր զոհվածները ազգությամբ հայ են: Ամենաավագը 58 տարեկան էր, գրում է utro.ru-:

Ոստիկաններին կարողացել է կանչել տան տիրուհու վիրավորված աղջիկը: Ոստիկանները հանցագործության վայր են ժամանել երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը՝ տեղի ժամանակով մոտ 00:45-ին: Կատարվածի հանգամանքները պարզվում են: Դեռևս չափանզանց քիչ բան է հայտնի, սակայն, դատելով պարկուճներից, կրակել են ինքնաձիգերից: Զենքը չի հայտնաբերվել:

Որպես հիմնական վարկած դիտարկվում է տան տիրուհու երկու որդիների առևտրային և քրեական գործունեությունը՝ նրանք դատվածություններ ունեին գողության և խարդախության համար:

Հարուցված է քրեական գործ ՌԴ ՔՕ 105 հոդվածի 2 մասվով՝ «Երկու և ավելի անձանց սպանություն, կատարված մի խումբ անձանց կողմից, և 222 հոդվածի 1 մասով՝ հրազենի ապօրինի շրջանառություն: