18 մայիսի 2011 - 13:34 AMT
Վերջին ամիսներին Հայաստան այցելած և այցելել ցանկացող իսպանացի զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճել է

Մայիսի 16-ին Իսպանիայում Հայաստանի դեսպանատանն անցկացվեց գովազդ-շնորհանդես իսպանական տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների համար, որի նպատակն էր Հայաստանը որպես նոր, դեռ լիովին չբացահայտված տուրիստական վայր ներկայացնելը և իսպանացի զբոսաշրջիկների համար կանոնավոր այցելավայր դարձնելը:

Հանդեսին ներկա էին նաև Հայաստան այցելել ցանկացող շուրջ 50 անհատական զբոսաշրջության երկրպագուներ, որոնց միջավայրում իսպանական «Tailored design travelling»` էլիտար անհատական տուրեր կազմակերպող գործակալությունը տարածել էր Հայաստանի պատմաճարտարապետական կոթողների և բնության տեսարժանությունը գովազդող նյութեր, որոնք տրամադրվել էին Հայաստանի դեսպանության կողմից:

Միջոցառմանը ներածական խոսքով հանդես եկավ Իսպանիայում Հայաստանի գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը: Այնուհետեւ, իսպանացի հայագետ, գիտությունների դոկտոր Ֆերնանդո Լաբադը, հեռուստաէկրանին ցուցադրելով «Հայաստանի հրաշալիքները» խորագրով լուսանկարների տեսաշարը, խոսեց Հայաստանի հինավուրց պատմության, մշակույթի, եկեղեցու, լեզվի, այբուբենի, ազգային ավանդույթների մասին: Բանախոսները պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին:

Ըստ տուրիստական գործակալների հավաստումների, վերջին մի քանի ամսում Հայաստան այցելած և այցելել ցանկացող իսպանացի զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճել է, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: