18 մայիսի 2011 - 14:44 AMT
Հայ զինվորին Թուրքիայում սպանել է «Գորշ գայլեր» խմբավորման ներկայացուցիչը

Նախընտրակյան շրջանում Թուրքիայում նկատվում է ազգայնամոլության աճ և այդ առումով կարող են լուրջ սկանդալներ լինել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Ազգայնական տրամադրությունների հետևանք էր նաև հայ զինվոր Սևակ Բալքրչիի սպանությունը հենց ապրիլի 24-ին: Արդեն պարզվել է, որ սպանությունը կատարել է նրա հետ ծառայող զինվորականը, որը պատկանում է «Գորշ գայլեր» ազգայնական խմբավորման երիտասարդական թևին: Ի դեպ, նույն խմբին էր հարում նաև Դինքի մարդասպան Օգյուն Սամաստը: Թուրքական նախընտրական արշավի ևս մեկ առանձնահատկություն է սեքս-սկանդալները: Նման սկանդալի առաջին զոհը դարձավ խոշորագույն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայկալը, որը ստիպված էր պաշտոնաթող լինել: Եվ այժմ թուրքական հանրության ամենաքննարկվող թեման այդ սկանդալներն են: Պետք չէ մոռանալ նաև քրդերի մասին: Ընտրություններից առջև անպայման կակտիվանա Քրդստանի աշխատանքային կուսակցությունը»,-ասել է Մելքոնյանը: