19 մայիսի 2011 - 14:34 AMT
Իրավագետ. Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին

Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը բոլորովին չի հակասում միջազգային իրավունքների նորմերին և չի վնասի ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Այդ մասին «Ղարաբաղյան հիմնախնդիրը Հայաստանում և միջազգային հարթակում. նոր դրություն, հին մոտեցումներ» թեմայով սեմինար-քննարկման ժամանակ հայտարարել է իրավագետ Անդրեաս Ղուկասյանը: Նրա խոսքերով, սահմանների անխախտելիության սկզբունքն արդեն վաղուց կորցրել է արդիականությունը, ինչի մասին վկայում են Կոսովոն, Հարավային Օսեթիան և Աբխազիան:

«Այս պայմաններում Հայաստանը պետք է վերանայի իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և կողմնորոշվի այս հարցի շուրջ իրականացվող քաղաքականության մեջ: Հայաստանը պետք է ճանաչի, որ Արցախի Հանրապետությունն իրավահավասար է իրեն որպես պետություն, և այսօր, չճանաչելով Արցախը, մենք հույս ենք տալիս Ադրբեջանին, որ Ղարաբաղը նրա տարածքն է»,- ասել է Ղուկասյանը:

Իրավագետը նշել է, որ այսօր ոչ ոք չի կարող ստիպել Արցախին գնալ միակողմանի զիջումների: Ղուկասյանի խոսքերով, այսօր Հայաստանին և Արցախին անհրաժեշտ է օրինականացնել միավորումը: