19 մայիսի 2011 - 15:28 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի հունական համայնքը չի մոռանում Պոնտոսի Հույների ցեղասպանության մասին

Հայաստանի հունական համայնքը չի մոռանում Պոնտոսի Հույների ցեղասպանության մասին, որն իրականացվել է թուրք ազգայնականների կողմից Մուսթաֆա Քեմալի գլխավորությամբ: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հունական համայնքի ղեկավար Արկադի Խիտարովը, չնայած նրան, որ աշխարհում ուշ են խոսել այդ հանցագործության մասին, Պոնտոսի hույների ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին հարցը շարունակում է թափ հավաքել հատկապես ԱՄՆ-ում և Ավստրալիայում: «Ցավոք սրտի, այսօր հունական պետությունը չի դնում Պոնտոսի hույների ցեղասպանության հարցը որպես նախապայման Թուրքիայի հետ հարաբերություններում»,- հայտարարել է հունական համայնքի ղեկավարը և հավելել, որ հայ ժողովրդի պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում օրինակ է ծառայում հույների համար:

Խոսելով այն մասին, թե որքանով է ժամանակակից Թուրքիան պատրաստ խոսել այդ իրադարձությունների մասին, Արկադի Խիտարովն ասել է, որ Թուրքիայում ստեղծել են սեփական պատմությունը և սերունդ են դաստիարակում հորինված պատմության հիման վրա:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի հարցին, թե կարող է քրիստոնեական ժողովուրդների ցեղասպանություններ իրականացրած Թուրքիան, որը մինչև հիմա հերքում է այդ փաստը, մտնել ԵՄ, Խիտարովը հույս է հայտնել, որ եվրոպացիները թույլ չեն տա դա:

ՖՈՏՈՇԱՐՔ