19 մայիսի 2011 - 18:25 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանը եվրոպացի դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ներքին և տարածաշրջանային խնդիրները

Մայիսի 19-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ և վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ԵՄ պատվիրակության երևանյան գրասենյակում հանդիպեց ԵՄ երկրների` Հայաստանում հավատարմագրված դեսպանների ու դեսպանատների դիվանագետների հետ: Ինչպես հաղորդում է «Ժառանգության» մամլո ծառայությունը, հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում Միացյալ Թագավորության Նորին Մեծության դեսպան Չարլզ Լոնսդելյը, Ֆրանսիայի դեսպան Անրի Ռեյնոն, Շվեդիայի թագավորության դեսպան Դիանա Յանսեն, Նիդեռլանդների թագավորության դեսպան Պիտեր Լանգենբերգը, Ռումինիայի, Լեհաստանի, Գերմանիայի փոխդեսպանները, ինչպես նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը և պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը համապարփակ ներկայացրեց «Ժառանգության» մոտեցումները Հայաստանի ներքին ու տարածաշրջանային մարտահրավերների, անվտանգության խնդիրների, ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Հովհաննիսյանը վերահաստատեց «Ժառանգության» նվիրվածությունը ժողովրդավարության հիմնարար արժեքներին: Ստեփան Սաֆարյանը ներկայացրեց «Ժառանգություն» կուսակցության գործունեությունը խորհրդարանում, իսկ Զարուհի Փոստանջյանը` քաղաքացիական հասարակության դաշտում:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ մայիսի 18-ին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հանդիպել էր Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի ու նրա գլխավորած պատվիրակության հետ, իսկ Զարուհի Փոստանջյանը` Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի ու նրա գլխավորած պատվիրակության հետ: