Թուրքիայի ղեկավարության քաղաքականությունը Հայաստանի հարցում արմատապես սխալ է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ, Ֆրանսիայում Թուրքիայի նախկին դեսպան Օսման Կորութուրքը: «Հայկական սփյուռքը պնդում է, որ միայն իրենք են տուժել Առաջին աշխարհամարտի տարիներին: Սակայն, պետք է ընդունել նաև մահմեդական թուրքերի ցավը: Մենք կարող ենք առաջ շարժվել, եթե բուժենք մեր վերքերն ու անցյալը թողնենք պատմաբաններին: Նույնիսկ գերմանացիներն ու հրեաները կարողացան դա հաղթահարել»,-ասել է նա:
Նախկին դիվանագետը սխալ է համարում իշխող ԱԶԿ կուսակցության քաղաքականությունը Ղարաբաղի հարցում: «Ղարաբաղյան խնդրի լուծումը, ինչպես նաև Կիպրոսի խնդրի, տարիներ է պահանջում: Երբ ԱԶԿ-ն բացասական արձագանք ստացավ Ադրբեջանից, նա սխալ քայլ արեց՝ Ղարաբաղի հարցն առաջ քաշելով որպես նախապայման հայ-թուրքական հարաբերություններում: Եթե Ադրբեջանը բավականաչափ տեղեկացված լիներ, ապա արձանագրությունները կվավերացվեին»,-ասել է Օսման Կորութուրքը: