21 մայիսի 2011 - 10:18 AMT
Գերմանիայում տեղի է ունեցել ՏՏ և ճարտարագիտական ոլորտներին նվիրված հայ-գերմանական համաժողով

Գերմանիայի Կարլսրուե քաղաքում կայացավ տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտական ոլորտներին նվիրված հայ-գերմանական համաժողովը։ Այս մասին տեղեկացնում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մամլո ծառայությունից։

Համաժողովին մասնակցեցին Հայաստանի և Գերմանիայի կառավարության անդամներ, Հայաստանի ՏՏ և ճարտարագիտական ոլորտները և Կարլսրուեի Տեխնոլոգիական տարածաշրջանը ներկայացնող ընկերություններ և ձեռնարկատերեր: Հայաստանյան պատվիրակությունը այցելեց Կարլսրուեի տեխնոլոգիական ինստիտուտ, որտեղ գերմանացի գիտնականները ներկայացրեցին ինստիտուտի գործունեության ուղղությունները և գիտահետազոտական աշխատանքի նորությունները: Համաժողովի նպատակն էր նպաստել Հայաստանի և Գերմանիայի, մասնավորապես Կարլսրուեի Տեխնոլոգիական Տարածաշրջանի, բարձր տեխնոլոգիաների ոլորտի և բիզնես համայնքների միջև համագործակցության ամրապնդմանը, ստեղծել համապատասխան միջավայր նոր գործարար կապերի հաստատման և նոր ներդրումների ներգրավման համար:

Համաժողովը կազմակերպվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Քրոնիմետ Մայնինգ ընկերության և Կարլսրուեի Առևտրի և արդյունաբերության պալատի համատեղ ջանքերով:

Եվրոպայի ճիշտ կենտրոնում տեղակայված Կարլսրուեի Տեխնոլոգիական տարածաշրջանը հանդիսանում է եվրոպական խոշոր տեխնոլոգիական կենտրոն համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք ինովացիոն ընկերությունների և հետազոտական կենտրոնների համար: