Մայիսի 21-ին Երևանի Նալբանդյան 106/1 շենքի բնակիչները դուրս էին եկել բողոքի ցույցի: Կառուցապատող «Ավագշին» ՍՊԸ–ն թույլտվություն է ունեցել կատարելու միայն քանդման աշխատանքներ` համաձայն քաղաքապետարան ներկայացրած քանդման աշխատանքների նախագծի, սակայն իրականացրել է նաեւ կառուցման, տվյալ պարագայում` հողային աշխատանքներ նույնպես, ինչի իրավունքը չի ունեցել:
Ներկա պահին բնակիչները բողոքում են ՆԳՆ-ին պատկանող մանկապարտեզի քանդման, ինչպես նաև ծառահատման դեմ: Բնակիչների հավաստմամբ, շուրջ 9.000 քառակուսի մետր ցանկապատված տարածքում արդեն բազմաթիվ ծառեր են հատվել, ինչպես նաև մեծ քանակությամբ խաղողի վազեր: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց շենքի բնակիչներից մեկը, նրանք ոչ թե դեմ են շինարարությանը, այլ ցանկանում են իմանալ, թե ինչ է լինելու այդ տարածքում և ուզում են կանխել ծառահատումը: Ծառահատումից բացի, մնացած ծառերի շուրջ ամբողջովին փոսեր են փորված, որի արդյունքում ծառերի արմատները դուրս են եկել մակերես և դրանց սպառնում է չորացում: Բողոքի շրջանակներում շենքի բնակիչները ցանկապատից ներս մտնելով բահերով փորձեցին ծածկել ծառերի բաց արմատները և ջրել:
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության տեսչության պետ Սևադա Հայրապետյանը, և հայտարարեց, որ այժմ ստեղծվում է միջգերատեսչական խումբ, որը կքննարկի, թե որքանով են քաղաքաշինական նորմերին համապատասխանում սեփականատերերի ծրագրերը:
Բողոքի ակցիային միացել էին «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը և ՀՅԴ կուսակցության անդամ Լիլիթ Գալստյանը:
Մայիսի 17-ին «Ժառանգություն» կուսակցության խորհդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը խմբակցության անունից միջադեպի մասին իրազեկել էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին:
Խմբակցությունը պահանջում է քրեական գործ հարուցել Սայաթ-Նովա պողոտա, Նալբանդյան, Ա.Պետրոսյան եւ Թումանյան փողոցներով պարփակված բակային տարածքում (Նալբանդյան 106/1 հասցեում տեղակայված, նախկինում Ոստիկանության հաշվեկշռում գտնված մանկապարտեզի տարածքում) իրականացվող ապօրինությունների փաստերի առնչությամբ, որի պատասխանը 10 օրվա ընթացքում կհայտնվի: