21 մայիսի 2011 - 13:29 AMT
Հայ և ամերիկացի մշակութային գործիչները Արցախում կբեմադրեն Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը»

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունից եւ ԱՄՆ-ից ժամանած մի խումբ մշակույթի գործիչների եւ դերասանների, ովքեր Ստեփանակերտում կբեմադրեն Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի մոտիվներով գրական-երաժշտական ներկայացումը:

Նախագահը կարեւորել է Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ուժերի համադրումը համազգային նշանակություն ունեցող իրադարձությունների լայն լուսաբանման գործում, ինչը հանդիսանում է մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու, ինչպես նաեւ միջազգային հանրությանը հայ ժողովրդի պատմությանը ծանոթացնելու հիմնական ուղղություններից մեկը:

Երկուստեք նշվել է, որ նման միջոցառումները պետք է պարբերաբար կազմակերպվեն Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի տարբեր օջախներում:

Հանդիպմանը մասնակցում էին մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, հաղորդում է Արցախի ղեկավարի մամլո ծառայությունը: