21 մայիսի 2011 - 16:46 AMT
Թուրքիայում կրկին կարող է միակուսակցական կառավարություն լինել

Թուրքիայի ընդդիմադիր Ազգայնական շարժման կուսակցության (MHP) միանգամից վեց բարձրաստիճան ներկայացուցիչներ շաբաթ օրը հրաժարական են տվել և հանել իրենց թեկնածությունները հունիսի 12-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Սա ամսվա ընթացքում «սեքս-սկանդալների» հետ կապված աղմկահարույց հրաժարականների արդեն երկրորդ ալիքն է ազգայնականների կուսակցությունում: Մինչ այդ սոցիալական կայքերում ինտիմ բնույթի տեսանյութերի հայտնվելուց հետո լիազորությունները վայր դնելու մասին հայտարարել էին պատգամավորի չորս թեկնածուներ MHP-ից:

Ընտրությունների ֆավորիտ է համարվում իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը (AKP), որը գլխավորում է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ինչպես վկայում են սոցիալական հարցման արդյունքները, որը մայիսին անցկացրեց IKSara ընկերությունը, AKP-ն կարող է ընտրությունների ժամանակ հավաքել ընտրաձայների 45,5%-ը և 2002 թվականին իշխանության գալուց հետո երրորդ անգամ միակուսակցական կառավարություն ձևավորել: 2007 թվականի հունիսին կայացած ընտրությունների ժամանակ Էրդողանի կուսակցությունը ձայների մոտ 47%-ը ստացավ:

Երկրորդ տեղում կհայտնվի նոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (CHP), որը կարող է ձայների 30,5%-ը հավաքել:

Ընդհանուր առմամբ 550 տեղ ունեցող թուրքական խորհրդարանի ընտրություններին կմասնակցեն 16 քաղաքական կուսակցություններ: