Հունիսի 6-ին Թուրքիայում տեղի կունենա Nabucco գազատարի շինարարության կոնսորցիումի մասնակից ընկերությունների միջև համաձայնագրի ստորագրումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը: Ըստ նրա, համաձայնագիրը կստորագրեն OMV (Ավստրիա), BOTAŞ (Թուրքիա), Bulgargaz (Բուլղարիա), Transgaz (Ռումինիա), MOL Natural Gas (Հունգարիա) և RWE (Գերմանիա) ընկերությունները: Նախարարը նշել է, որ այժմ արդեմ խոչընդոտներ չկան համաձայնագրի կնքման համար:
Նա նշել է նաև, որ տարվա ընթացքում նախագծի հովանավորները կփորձեն վերջնական պատասխան ստանալ ադրբեջանական կողմից նախագծին մասնակցության վերաբերյալ: «Եթե Ադրբեջանի պատասխանը բացասական լինի, մենք բանակցություններ կսկսենք Իրանի, Իրաքի ու Թուրքմենստանի հետ: Մեր և Եվրոպայի համար այդ նախագիծը մեծ նշանակություն ունի և մենք չենք կարող ժամանակ կորցնել, ուստի կօգտագործենք Nabucco-ի իրականացման համար բոլոր տարբերակները»,-ասել է Յիլդիզը, հաղորդում է CNN Turk-ը: