23 մայիսի 2011 - 14:35 AMT
Արեգ Միքայելյան. Անգործությունից մարդիկ արդեն սկսել են կանխագուշակել աշխարհի վերջը

Տեղեկատվության հասանելիությունն օգնում է աշխարհի վերջի մասին լուրերի տարածմանը, այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայկական աստղագիտական միության ղեկավար Արեգ Միքայելյանը: Նրա խոսքերով, եթե ինչ-որ մեկը սկսում է տեղեկատվություն տարածել այն մասին, որ շուտով գալու է աշխարհի վերջը, ապա 100-ից գոնե մեկը հավատում է դրան: Միաժամանակ, Միքայելյանը նշել է, որ վերջին տասնամյակում մարդիկ արդեն 6 անգամ աղմուկ են բարձրացրել այն մասին, որ ինչ-որ մի օր վրա է հասնելու աշխարհի վերջը: «Այդ մասին խոսել են 2000-ին, 2001-ին, 2004-05թթ., աշխարհի վերջը լինելու էր նաև այս տարվա մայիսի 21-ին: Ոմանց կանխատեսումներով աշխարհի վերջը պետք է լինի նաև 2012-ի դեկտեմբերի 21-ին: Մենք արդեն վերապրել ենք նախկին կանխատեսումները, կարծում եմ, որ կանցնենք նաև սա»,- ասել է հայ փորձագետը: Միաժամանակ Միքայելյանը նշել է, որ աշխարհի վերջի մասին ամենից շատ խոսում են զարգացած երկրներում: Նրա խոսքերով, դա կարող է կապված լինել նրա հետ, որ այդ երկրների մարդիկ քիչ սոցիալական և տնտեսական խնդիրներ ունեն: «Ուստի նման խնդիրների բացակայության պատճառով նրանք սկսել են ուշադրություն դարձնել նման հարցերի»,- ասել է նա և հավելել, որ դա նաև փող վաստակելու լավ միջոց է: