23 մայիսի 2011 - 16:14 AMT
Միխայիլ Ալեքսանդրովը գտնում է, որ ԱՄՆ-ն ղարաբաղյան հակամարտության ադրբեջանամետ կարգավորման կողմնակից է

ԱՄՆ-ն հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին, ընդ որում` ադրբեջանական կողմի պայմաններով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի գծով փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը: Նրա խոսքով` ԱՄՆ ռազմավարությունն է Սև ծովից դեպի Կասպիական տարածաշրջանը ռազմաքաղաքական միջանցք կառուցելը: «Վրաստանին Միացյալ Նահանգներն արդեն ներքաշել են իրենց ազդեցության ուղեծրի մեջ, իսկ այժմ Ադրբեջանի հերթն է»,- ասել է ռուս փորձագետը` ավելացնելով, որ Բաքուն առայժմ խուսափողական դիրքորոշում է զբաղեցնում, քանի որ անդամակցությունը ՆԱՏՕ-ին կամ երկրի տարածքում ԱՄՆ ռազմակայանի ստեղծումը կարող է վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ: «Սակայն, եթե Արևմուտքը Ղարաբաղն է առաջարկում արևմտյան ռազմաքաղաքական կառույցում ինտեգրվելու դիմաց, ապա այստեղ Ադրբեջանը չի կարողանա հրաժարվել նման առաջարկից»,- նշել է նա` ավելացնելով, որ ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ արդեն որոշակի պայմանավորվածություններ կան, ուստիև ԱՄՆ-ն ղարաբաղյան հակամարտությունում առաջ է տանում ադրբեջանամետ գիծը: