23 մայիսի 2011 - 20:27 AMT
«Էրեբունի» քրեակատարողական հիմնարում ինքնասպանություն է եղել

ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, նախկինում 6 անգամ ազատազրկման դատապարտված Մխիթար Վարդանյանը (ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով 8 տարի ազատազրկման դատապարտված) ս.թ. մայիսի 22-ին, ժամը 17:10-ի սահմաններում, կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Ինչպես հաղորդում են Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից, դիակի զննությամբ հայտնաբերվել է գրություն, որով դատապարտյալը խնդրել է իր արարքի համար չմեղադրել այլ անձանց: «Տեղեկացնում ենք, որ քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության յուրաքանչյուր դեպքով, որպես ընդունված կարգ, հարուցվում է քրեական գործ` անձին ինքնասպանության հասցնելու հնարավոր վարկածը ստուգելու նպատակով»,- հաղորդում են քրեակատարողական վարչությունից: