23 մայիսի 2011 - 20:42 AMT
ԿԱՐԾԻՔ
ՖՈՏՈՇԱՐՔ
Ղարաբաղ. ՀԱՊԿ-ում դաշնակցության մասին խոսքերն օճառե պղպջակներ են կամ ինչու ՀԱՊԿ-ն որոշեց «լվանալ ձեռքերը»

Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարություններին հաջորդած մեկնաբանությունները վկայում են, որ ՀԱՊԿ երկրների «դաշնակցական հարաբերությունների» մասին խոսքերը դատարկ են: Ինչպես հայտնի է, Երևանում «ՀԱՊԿ-ն և Հարավային Կովկասը, խաղաղության ու անվտանգության հեռանկարները տարածաշրջանում» խորհրդաժողովում Նիկոլայ Բորդյուժան ՀԱՊԿ երկրներին հիշեցրել է, որ Հայաստանը պարտավորություններ է ստանձնել որպես Կազմակերպության անդամ, սակայն նմանատիպ պարտավորություններ են ստանձնել նաև ՀԱՊԿ մյուս անդամները Հայաստանի հանդեպ: Այդ հայտարարությունը հնչեց որպես յուրօրինակ պատասխան Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերին այն մասին, որ Հայաստանը` որպես Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպության լիարժեք անդամ, Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքում իրավունք ունի աջակցություն ակնկալել ՀԱՊԿ-ից` հաշվի առնելով ՀԱՊԿ երկրների որոշակի պարտավորությունները միմյանց առջև:

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի համաձայն, կազմակերպության որևէ անդամ պետության դեմ ագրեսիան դիտարկվում է որպես ՀԱՊԿ բոլոր անդամների դեմ ուղղված ագրեսիա:

Սակայն, ըստ ամենայնի, ՀԱՊԿ-ում վախեցան նման հապշտապ հայտարարություններից և որոշեցին նահանջել: ՀԱՊԿ անդամ երկրների փորձագետները, որոնք, ինչպես հայտնի է, իրենց երկրների ղեկավարությունների կարծիքներն են արտահայտում, միաձայն սկսեցին հանդես գալ հայտարարություններով, որոնց իմաստը հանգում է մեկ մտքի` ՀԱՊԿ-ն ինքն իրենով է, իսկ Հայաստանն ու Ղարաբաղը` առանձին:

Զարմացրեցին նաև ՀԱՊԿ-ում. ՀԱՊԿ Քարտուղարության մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովին, Vesti.Az-ի համաձայն, ոչինչ հայտնի չէ ո'չ Օհանյանի խոսքերի մասին, ո'չ էլ Բորդյուժայի հայտարարության մասին: Զայնետդինովի խոսքով, «Սեյրան Օհանյանը Երևանում կայացած խորհրդաժողովում հայտարարել է, որ Հայաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման կողմից և այդ հարցում ՀԱՊԿ կողմից ըմբռնում է ակնկալում: Մեր կազմակերպությունը նույնպես հանդես է գալիս ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուժային տարբերակի դեմ, ինչի մասին հայտնել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան»:

Այսպիսով, պարզվեց, որ ՀԱՊԿ երկրների դաշնակցական հարաբերությունների մասին բոլոր հայտարարությունները միայն գեղեցիկ բառեր մնացին, որոնք անհապաղ կմոռացվեն` զոհ գնալով այս կամ այն շահերին: Սակայն անգամ առանց ՀԱՊԿ աջակցության Հայաստանն ի զորու է ինքնուրույն երաշխավորել իր և Արցախի անվտանգությունը: Ավելին, ինչպես ընդգծում են Հայաստանում, հայ ժողովուրդը պատրաստ է հաղթանակին, իսկ Ադրբեջանը, որը միանգամայն ճարպկորեն մանիպուլյացիաների է ենթարկում ՀԱՊԿ երկրներին, մի Կազմակերպության, որի անդամն անգամ չի հանդիսանում, հնարավոր է, բացի Ղարաբաղից, որն իրենց երբեք չի պատկանել, կորցնի նաև 1921 թվականին խորհրդային իշխանության կողմից իրենց նվիրված տարածքի որոշ տոկոսը:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
ՖՈՏՈՇԱՐՔ