24 մայիսի 2011 - 15:29 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները վերադարձել են բնականոն աշխատանքի

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերության գլխամասային շենքում ռումբի տեղադրման մասին ահազանգը եղել է կեղծ։

ՎիվաՍելի-ՄՏՍ-ի աշխատակիցները վերադարձել են բնականոն աշխատանքի։

Այսօր ժամը 13.13-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ոստիկանության հերթապահ մասից տեղեկատվություն է ստացվել, որ անհայտ քաղաքացուց ահազանգի համաձայն Վիվա-Սել ընկերության գրասենյակի շենքում (Արգիշտի 4/1) ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության աշխատակիցներ և սակրավորներ:

Ինչպես տեղեկացրել էր PanARMENIAN.Net-ի թղթակցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի հանրային կապերի պատասխանատու Վահե Իսահակյանը, լուրերն այն մասին, թե ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը չէր համաձայնել աշխատակիցներին տարհանել, չեն կարող համապատասխանել իրականությանը. «Ռալֆ Յիրիկյանը հենց ինքն է հրաման արձակել տարհանելու մասին»։

Ժամը 14.30-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են: