24 մայիսի 2011 - 16:02 AMT
Հունվար-մարտ ամիսներին Հայաստանում գործազրկության միջին մակարդակը կազմել է 6,6%

2011թ. առաջին եռամսյակում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը հանրապետությունում կազմել է 108 248 դրամ, ինչը 0,5%-ով ցածր է տարեսկզբի ցուցանիշից: Այդ մասին ասվում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության «2011 թվականի հունվար-մարտին պարենային անվտանգությունն ու աղքատությունը Հայաստանում» հաշվետվության մեջ:

Մայրաքաղաքում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է մոտ 118,5 հազ. դրամ, ամենաբարձրը գրանցվել է Սյունիքի մարզում` 134.5 հազ. դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում` 75.2 հազ. դրամ:

Ընդ որում` հունվար-մարտ ամիսներին Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 6,6%, Երևանում այդ ցուցանիշը կազմել է 7,8%, ամենաբարձր ցուցանիշը Լոռիում է` 10,6%, իսկ ամենացածրը` Արագածոտնում` 2,1%:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչությանը, ապա 2011թ. առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 1,177 մլն մարդ, որոնց 93.4% զբաղված են եղել տնտեսության մեջ, այդ թվում 41.9%-ը` գյուղացիական տնտեսություններում: