24 մայիսի 2011 - 16:31 AMT
Երևանի պետական և ոչ պետական բուհերի ուսանողները մասնակցեցին «BOOM» մրցութային համերգային ծրագրին

Մայիսի 24-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կայացավ «BOOM» խորագրով մրցութային համերգային ծրագիրը, որին մասնակցեցին 6 պետական և 13 ոչ պետական բուհերի շուրջ 31 ուսանողներ։ Համերգի կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ն: Մրցույթն իրականացվել է երգի, պարի, ասմունքի ոլորտներում։

Երիտասարդների կատարումները գնահատում էր պրոֆեսիոնալ ժյուրին, որի կազմում ընդգրկված էին երգահան Էդգար Գյանջումյանը, երգչուհի Զարուհի Բաբայանը, Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախագահ Քրիստինե Հովհաննիսյանը, պրոդյուսեր Գևորգ Եղիազարյանը, ԵԹԿՊԻ-ի դասախոս Աննա Հեքեքյանը և ՀԵՀ-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը: Յուրաքանչյուր բնագավառի համար ներկայացված էր նաև «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը։

Ծրագրի նպատակն էր համախմբել պետական և ոչ պետական բուհերի ուսանողներին՝ բացահայտելով շնորհալի երիտասարդների, վերջիններիս տաղանդն օգտագործելով ի նպաստ մշակութային միջոցառումների զարգացմանը։ Ծրագրի արդյունքում ակնկալվում է ակտիվացնել ուսանողների արտալսարանային կյանքը, անմիջական կապ ստեղծել պետական և ոչ պետական բուհերի միջև։ Մտադրություն կա մասնակիցների միջոցով համալրել բուհերում գործող մշակութային խմբերը, ուսանողական խորհուրդների շարքերը համալրել նոր ուսանողներով, լավագույն ուսանողներին հնարավորություն ընձեռել հետագայում մասնակցել միջբուհական տարաբնույթ միջոցառումների։