24 մայիսի 2011 - 18:14 AMT
ՄԱԿ-ի Պարենի ծրագրի հայաստանյան ղեկավարը ծանոթացել է «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» համաժողովի նպատակներին

Մայիսի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Միջին Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դալի Բելգասմիին և ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիա Լուկյանովային:

Ողջունելով հյուրերին` նախարար Հ.Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից մայիսի 26-28 Երևանում կազմակերպվող «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» միջազգային համաժողովի նպատակները: Համաժողովին մասնակցելու են Սփյուռք ունեցող պետությունների համապատասխան պետական մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ինչպես նաև այդ պետությունների` ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ:

Բարձր գնահատելով ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը` Դ.Բելգասմին ողջունեց համաժողովի կազմակերպման գաղափարը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սփյուռքի հիմնախնդիրներին, պետություն-սփյուռք հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց նաև ՊՀԾ կողմից իրականացվող դպրոցական սնունդ ծրագրին: