24 մայիսի 2011 - 18:38 AMT
ԿԱՐԾԻՔ
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի իշխանությունների ապագա միությունը ՀԱԿ-ի հետ. Շատ աղմուկ ոչնչի՞ց

Այս օրերի գլխավոր քաղաքական քննարկումներից մեկն առաջիկա ընտրություններին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) և գործող իշխանությունների հնարավոր միությունն է: Երեկ կայացած մամլո ասուլիսում «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, պատասխանելով լրագրողների հարցերին իշխանությունների և ՀԱԿ-ի միջև քաղաքական երկխոսության նպատակի մասին, չի բացառել ընտրությունների ժամանակ նրանց միության հնարավորությունը: Նա միանգամայն տեղին է հիշեցրել, որ ժամանակին ընդդիմության առաջնորդ Կարեն Դեմիրճյանը վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ ձևավորեց «Միասնություն» դաշինքը, թեև մինչ այդ բարդ հարաբերություններ ուներ իշխանությունների հետ: Նա նշել է, որ իշխանություններն ու ՀԱԿ-ը շատ ընդհանուր բաներ ունեն, մասնավորապես` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, Հայ-թուրքական արձանագրությունների հարցում: Ընդ որում` Կարապետյանն ընդգծել է, որ առայժմ օրակարգում դաշինքի կազմավորման հարց չկա: Չնայած դրան, Կարապետյանի հայտարարությունը մեծ հասարակական արձագանք է առաջ բերել և քննարկումների առանցքային թեմաներից մեկը դարձել:

Եթե ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն այս առիթով իրենց մեկնաբանություններում չեն բացառել նման հնարավորությունը, ապա կառավարող կուսակցության ներկայացուցիչներն ամեն կերպ փորձել են ժխտել դա: Այդպես Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Հովհաննես Սահակյանն ընդգծել է, որ կուսակցություն նման հարցադրում չկա, և այն երբեք չի քննարկվել: Սահակյանն ավելացրել է, որ իմաստ չունի մեկնաբանել տարբեր քաղաքական գործիչների ամեն տեսակ ենթադրությունները: Անկախ պատգամավոր Վարդան Խաչատրյանն իր հերթին նշել է, որ «քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել: Դա աքսիոմ է»: Ընդ որում` նա ընդգծել է, որ համագործակցությունն իշխանության հետ կարող է բավականին մեծ ազդեցություն ունենալ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանդեպ ժողովրդի վերաբերմունքի վրա: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ անգամ առանց իշխանության հետ միության նրա հետ երկխոսությունը կարող է ուժեղ անդրադարձ ունենալ ՀԱԿ-ի ժողովրդականության վրա: Լրատվամիջոցներում գնալով ավելի համառ են դառնում ասեկոսեներն իշխանությունների հետ ՀԱԿ-ի հնարավոր գործարքի մասին, որի արդյունքում Կոնգրեսը կարող է ապագա խորհրդարանում մանդատների որոշակի քանակ ստանալ: Եվ, չնայած ՀԱԿ ներկայացուցիչների բոլոր հերքումներին, այդ լուրերն աճում են, ինչպես սունկն անձրևից հետո:

Ամեն դեպքում առայժմ կարելի է միայն ենթադրաբար խոսել իշխանությունների և ՀԱԿ-ի հնարավոր միության մասին, չէ՞ որ անգամ նրանց միջև երկխոսության գոյության մասին պայմանականորեն է խոսվում: Սակայն Հայաստանում քաղաքական պայքարի փորձը թույլ է տալիս պնդել, որ ընտրությունների ժամանակ, հատկապես դրանցից հետո կարելի է ցանկացած անակնկալի սպասել:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
ՖՈՏՈՇԱՐՔ