25 մայիսի 2011 - 07:58 AMT
Երևանի կենտրոնի բնակիչները դեմ են Սուրբ Աննա եկեղեցու շինարարությանը

Երեւանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարակից Աղայան 13 շենքի բնակիչները երեկ բակում հավաքված բողոքում էին իրենց շենքին շատ մոտ իրականացվող շինարարության դեմ, հաղորդում է «Հայոց աշխարհը»։

Ութ դար վաղեմության Սուրբ Կաթողիկեին կից կառուցվում են նոր՝ Սուրբ Աննա եկեղեցին եւ կաթողիկոսի երեւանյան նստավայրը։ Սուրբ Աննան նախատեսվում է կառուցել 37 մետր բարձրությամբ, իսկ կաթողիկոսի նստավայրը եռահարկ է լինելու։ Շինարարությունը հովանավորում է սփյուռքահայ բարերար Հրայր Հովնանյանը։

Բնակիչները դժգոհում են, որ նախատեսվող շինությունները ոչ միայն կփակեն ճանապարհը ավտոմեքենաների համար, այլեւ կզրկեն իրենց բնակարանները արեւի բնական լույսից։

Դեռ ապրիլի 21-ին «Չիլինգարյան Դիզայն Քնսթրաքշն» ընկերությունը, որը զբաղվում է սբ.Աննայի հոգևոր համալիրի շինարարական աշխատանքներով, արձագանքել է եկեղեցականների, քաղաքագետների և պարզապես մայրաքաղաքի բնակիչների վրդովմունքին և այն մտավախություններին, որ նոր եկեղեցական համալիրի կառուցումը կփչացնի Սուրբ Կաթողիկե եկեղեցու տեսքը:

«Սուրբ Աննա եկեղեցու շինարարական աշխատանքները ամբողջապես համաձայնեցված են Քաղաքաշինության պետական տեսչության և Հուշարձանների պահպանության գործակալության հետ: Հաշվի են առնված եկեղեցիների տարածքներին բնորոշ բոլոր առանձնահատկությունները, ներառյալ այն փաստը, որ եկեղեցին կառուցվել է նախկին սրբավայրի հիմքի վրա: Շինարարության ընթացքում կատարվել է տարածքի հետազոտություն և պեղումներ», - նշում է «Չիլինգարյան Դիզայն Քնսթրաքշն» ընկերության հիմնադիր տնօրեն Գարիկ Չիլինգարյանը:

Շինարարական աշխատանքներն սկսվել են մարտ ամսին, որի արդյունքում ապրիլի 1-ին հայտնաբերվել է պատի մեջ ներկառուցված XVII դ. խաչքար, ինչպես նաև XVIIդ. պատնեշի բեկոր: Հայտնաբերվել է նաև 17-րդ դարի բազիլիկի պատի մի դրվագ, որը պայթեցվել է 1936 թվականին ստալինյան բռնադատումների ժամանակ և նույն դարաշրջանի թվագրությամբ երեք կարաս: