25 մայիսի 2011 - 14:49 AMT
Հրայր Թովմասյան. Համաներումը կտարածվի նաև մարտի 1-ի գործով դատապարտված որոշ անձանց վրա

Համաներումը կտարածվի նաև մարտի 1-ի գործով դատապարտված որոշ անձանց վրա: Այդ մասին խորհրդարանում լրագրողներին է հայտարարել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: «Անկասկած, համաներումը տարածվում է մարտի 1-ի գործով դատապարտված որոշ անձանց վրա: Գիտակցում եմ, որ ոմանք կփորձեն կապել համաներումը բացառապես մարտի 1-ի իրադարձությունների հետ, սակայն համաներումն ավելի համապարփակ ակտ է և ուղղված է առավել գլոբալ խնդիրների լուծմանն»,-ասել է Թովմասյանը:

Ինչ վերաբերվում է նրան, թե ազատ կարձակվի արդյոք «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը, նախարարն առաջարկել է ծանոթանալ փաստաթղթի կետերին ու համեմատել:

Սասուն Միքայելյանի դեպքի առնչությամբ նախարարն ասել է, որ այդ հարցով ՀՀ ԱԺ խոսնակը դիմել էր երկրի նախագահին: Ըստ Թովմասյանի, դա համաներումից անջատ գործընթաց է:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դիմել էր Ազգային ժողովին համաներում հայտարարելու առաջարկով` Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Նախագահի առաջարկը հիմնված է Հայաստանի Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի և «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքի 90-րդ հոդվածի վրա:

Սասուն Միքայելյանը դատապարտվել է մարտի 1-ի գործով, նրան ներկայացվել է մեղադրանք զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու ապօրինի զենք պահելու համար:

ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով ներում շնորհել նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին: