25 մայիսի 2011 - 17:39 AMT
ԵՄ երկրները պայմանավորվել են ստուգում անցկացնել ավելի քան 140 ԱԷԿ-երում

Եվրամիության երկրները պայմանավորվել են ստուգում անցկացնել ԵՄ ավելի քան 140 ատոմային էլեկտրակայաններում` տարերային աղետների և մարդկային սխալների հետ կապված ռիսկերի ֆոնին դրանց անվտանգությունը հստակեցնելու համար: Այդ մասին մայիսի 25-ին Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է էներգետիկայի հարցերով ԵՄ հանձնակատար Գյունտեր Էտտինգերը, հաղորդում է dpa գործակալությունը:

Էտտինգերի խոսքով, այդ սթրես-թեստերը ԱԷԿ-երի համար կմեկնարկեն հունիսին և կշարունակվեն մինչև դեկտեմբեր: Առաջին անգամ կուսումնասիրվեն բոլոր տեսակի տարերային աղետներից` ներառյալ ջրհեղեղից, երկրաշարժից, ցունամիից, ինչպես նաև ծայրահող ցրտից և շոգից բխող ռիսկերը: Հաշվի կառնեն նաև այն խնդիրները, որոնք կարող են ծագել մարդկային սխալի կամ անուշադրության, ինչպես նաև ավիավթարի պատճառով:

Միակ գործոնը, որը ստուգման շրջանակներից դուրս կմնա, ահաբեկչությունների սպառնալիքն է: Նման որոշում է ընդունվել` ելնելով ազգային անվտանգության նկատառումներից: Էտտինգերն ըմբռնումով է մոտեցել այդ ոլորտում իրենց ծրագրերը բացահայտելու` մի շարք երկրների դժկամությանը, քանի որ դա, նրա խոսքով, կարող է անուղղակիորեն նպաստել ահաբեկչության:

OSART (Operational Safety Review Team) հանձնաժողովը, որը գործում է ՄԱԳԱՏԷ-ի հովանու ներքո, Հայաստանում էր գտնվում Մեծամորի ԱԷԿ-ում անվտանգության վերաբերյալ պլանային ստուգում անցկացնելու համար: