25 մայիսի 2011 - 17:56 AMT
Երևանի զորամասերից մեկում իրականացվեց «1918թ. մայիսյան հերոսամարտերը և հայկական բանակը» ծրագիրը

Մայիսի 25-ինՀայաստանի երիտասարդական հիմնադրամը ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ի հետ համատեղ Երևանի 5-րդ բանակային կորպուսում իրականացրեց «1918թ. մայիսյան հերոսամարտերը և հայկական բանակը» ծրագիրը։

Ինչպես նշեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը, միջոցառումը նպատակ ունի երիտասարդության և զինծառայողների շրջանում բարձրացնել ռազմահայրենասիրական ոգին։Երևանի 5-րդ բանակային կորպուսում տարբեր բուհերի շուրջ 200 ուսանողներ և երիտասարդներ ծանոթացան բանակի առօրյային և զինտեխնիկային։ Տեղի ունեցավ զինծառայության ընթացքում աչքի ընկած զինվորականների ու ժամկետային զինծառայողների պարգևատրում։ Ծրագրի շրջանակում կազմակերպվեց նաև ռազմահայրենասիրական համերգ։

Զորամասի հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամին և ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ին ցուցաբերած ուշադրության համար։ Զորամասի հետ ակտիվ համագործակցության համար գնդապետ Ս. Գրիգորյանի հրամանով պատվոգրերով պարգևատրվեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը և «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ի նախագահ Գևորգ Մելքոնյանը։