25 մայիսի 2011 - 19:15 AMT
Փոխվարչապետի մոտ քննարկվեց երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ծրագրի ընթացքը

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մայիսի 25-ին կայացած խորհրդակցությանը քննարկվեց «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան»-ի կողմից իրականացվող երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ծրագրի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանի»-ի , նախագծող, շինարարությունն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներ: Ինչպես հաղորդում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը, պատասխանատուները փոխվարչապետին զեկուցեցին ծրագրի և աշխատանքների ընթացքը:

Արմեն Գևորգյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց տեղերից ստացվող ահազանգերին, որոնք հիմնականում վերաբերում են աշխատանքների տեմպերին, որակին:

Փոխվարչապետը ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանին, «ՀՄՀ-Հայաստանի»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանին առաջարկեց մանրակրկիտ ուսումնասիրել ահազանգերը, անհրաժեշտության դեպքում փոփոխել նախագծերը` հաշվի առնելով ի հայտ եկող հանգամանքները:

Նա պատասխանատուներին հորդորեց սերտորեն համագործակցել տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ջրօգտագործող ընկերությունների հետ, ընթացքում առաջացող խնդիրներին տալ օպերատիվ լուծումներ: