26 մայիսի 2011 - 16:35 AMT
Երևանի կենտրոնը կբեռնաթափվի տարանցիկ տրանսպորտային միջոցներից

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ կառավարությունը որոշել է, հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա ձևավորված քաղաքի զարգացման հեռանկարները, Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի հետ համատեղ մշակված Երևանի քաղաքային տրանսպորտի ծրագիրը մի շարք տարածքներում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչել բացառիկ, գերակա հանրային շահ։ Ծրագրի իրականացումը կնպաստի Երևանի կենտրոնը բեռնաթափելու խնդրին` Արտաշատի խճուղին միացնելով Աշտարակի խճուղուն, ինչպես նաև մայրաքաղաքը ՀՀ մարզերին կապելու քաղաքականության զարգացմանը։ Բացի այդ, Կարմիր բլուր հնավայրի կողքով նոր կառուցվող ճանապարհը կխթանի զբոսաշրջության զարգացումը։ Վարչապետը նշել է, որ 2011-ի մայիսի 19-ին Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի ստորագրած պայմանագիրն անհրաժեշտ է արագ ընթացակարգով վավերացնել, որպեսզի գերակա շահ ճանաչված գործընթացն սկսի իրագործվել։