26 մայիսի 2011 - 18:55 AMT
Վլադիմիր Զախարով. ԼՂ վերաբերյալ հայտարարությունը G8 գագաթաժողովում ավելի շատ անցնող է, քան նշանակալի

Դովիլում G8 գագաթաժողովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունն ավելի շատ անցնող է, քան նշանակալի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Սևծովյան-կասպիական տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Նրա խոսքով` նման հայտարարությունների ընդունումը սովորական գործ է: «Սակայն այդ փաստաթղթի ընդունումը միևնույն ժամանակ ընդգծում է այն շեշտերը, որոնց կարելի կլինի հղում կատարել հետագայում»,- ընդգծել է Զախարովը:

Այսօր Դովիլ քաղաքում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին համատեղ հայտարարություն են ընդունել, որում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները: Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»:

«Մենք հաստատում ենք, որ միայն բանակցությունների ճանապարհով կարգավորումը կարող է խաղաղության, կայունության և հաշտության հանգեցնել` հնարավորություններ բացելով տարածաշրջանային զարգացման և համագործակցության համար»,- ասվում է հայտարարության մեջ: Օբաման, Սարկոզին և Մեդվեդևը «համոզված են, որ ժամանակն է, որպեսզի ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերը քայլ կատարեն դեպի խաղաղ կարգավորումը»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդգծել են, որ դիմակայության և անկայունության ներկայիս իրադրության ստեղծմանը հանգեցրել է ուժի կիրառումը: «Դրա կրկնակի կիրառումը միայն նոր տառապանքներ և սնանկություն կբերի և կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Մենք կողմերի առաջնորդներին համառորեն խորհուրդ ենք տալիս բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»,- նշել են նախագահները: