27 մայիսի 2011 - 17:12 AMT
Հայաստանն ու Գերմանիան ընդլայնում են համագործակցությունը տրանսպորտի ոլորտում

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը և Գերմանիայի Դաշնության տրանսպորտի, շինարարության և քաղաքաշինության նախարար Պետեր Ռամզաուերը մայիսի 26-ին Լայպցիգում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ավտոմոբիլային ճանապարհներով միջազգային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» համաձայնագիր:

Ինչպես հաղորդում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամլո ծառայությունը, տրանսպորտի ոլորտում, բացառությամբ օդային, առաջին անգամ է Գերմանիայի հետ ստորագրվում համաձայնագիր, ինչը հիմք կհանդիսանա երկուստեք հետագա համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը:

Նախարար Մանուկ Վարդանյանը Պետեր Ռամզաուերին ներկայացրել է Հայաստանում իրականացվող և նախատեսվող ճանապարհաշինարարական ծրագրերը, այդ թվում` «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագիրը:

Հաշվի առնելով գերմանական ճանապարհաշինարարական ընկերությունների լավագույն փորձը բետոնե ճանապարհների կառուցման գործում` Մանուկ Վարդանյանն առաջարկել է այդ հարցում փորձի փոխանակում կատարել և տեխնիկական աջակցություն ցուցաբերել:

Հանդիպման վերջում նախարար Մանուկ Վարդանյանը գերմանացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան` մոտիկից ծանոթանալու տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումներին ու առկա խնդիրներին: