30 մայիսի 2011 - 14:25 AMT
Էդուարդ Շարմազանով. Հայաստանում չկան իրավաբանական և քաղաքական պատճառներ արտահերթ ընտրությունների համար

Հայ ազգային կոնգրեսի հետ քաղաքական երկխոսությունը ենթադրում է Հայաստանի համար կարևորագույն խնդիրների քննարկում, այլ ոչ թե արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների անցկացում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Երկխոսությունն այն է, երբ դու պատրաստ ես նստել և քննարկել քո ընդդիմադիրների հետ Հայաստանի համար կարևորագույն հարցերը»,- նշել է նա և հավելել, որ Հայաստանում չկան ոչ իրավաբանական, ոչ քաղաքական պատճառներ արտահերթ ընտրությունների համար: «Չեմ տեսնում երկրում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորություն, դրա համար քաղաքական նախադրյալներ չեմ տեսնում, ավելին, չկան նաև իրավաբանական հիմքեր»,- ասել է նա:

Շարմազանովը նաև ամփոփել է գարնան քաղաքական արդյունքները: «Հայաստանում քաղաքական գարունը թեժ էր, սակայն այն կարելի է համարել կառուցողական, ուղղված երկրում համաձայնության հաստատմանը»,- նշել է նա: Շարմազանովի խոսքերով, նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին իր ելույթում առաջարկել է նոր քաղաքական օրակարգ, և «առաջարկել քաղաքական ուժերին և իշխանությանը նոր բանաձև, որում նշվում է, որ քաղաքացու իրավունքները նույնքան կարևոր են, որքան պետական շահերը»: