30 մայիսի 2011 - 15:30 AMT
Երևանյան «Պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոնը» ծրագրային սահմանափակում չունի

Մայիսի 31-ից մինչև հունիսի 3-ը Երևանում առաջին անգամ տեղի կունենա «Պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոնը»:

«Չնայած նրան, որ փառատոնը կազմակերպվում է առաջին անգամ, այնուամենայնիվ արդեն հինգ երկիր հետաքրքրվել է այդ փառատոնով»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ մշակութի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Նա նաև շեշտեց, որ Գյումրու «Վերածնունդ» մրցույթ-փառատոնից այս փառատոնը տարբերվում է նրանով, որ մրցույթ այստեղ չկա: Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը հավելեց, որ «Վերածնունդ» փառատոնի մասնակիցները, ինչպես նաև այլ փառատոնների մասնակից պատանիները առանց որևէ խնդրի, կարող են մասնակցել նշված փառատոններին: Նա նաև հավելեց, որ ծրագրային սահմանափակում չկա, և յուրաքանչյուր մասնակից իր ցանկությամբ է ընտրում կատարումների ցուցակը:

Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի «Նոր անուններ» ծրագիրը: Փառատոնին մասնակցում են մինչև 18 տարեկան 32 երաժիշտ- կատարողներ Ռուսաստանից, Ֆինլանդիայից, Ուզբեկստանից, Վրաստանից, Իրանից և Հայաստանից, ինչպես նաև Հայաստանից (16 հոգի): Բացումը կայանալու է մայիսի 31-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, որտեղ պատանի երաժիշտները ելույթ են ունենալու ինչպես առանձին, այնպես էլ Հայաստանի պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ: Փառատոնի հանդիսավոր փակումը տեղի է ունենալու հունիսի 3-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Բացի դրանից, փառատոնի մասնակիցները Հայաստանին ծանոթանալու նպատակով կայցելեն Հայաստանի տեսարժան վայրեր: