30 մայիսի 2011 - 17:57 AMT
ՀԿԵ-ն 40,8 մլն ռուբլի է ուղղելու երկաթուղային գծանցների արդիականացմանը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն 2011 թվականին 40,8 մլն. ռուբլի է ուղղելու երկաթուղային գծանցների վերանորոգման և արդիականացման ծրագրի իրականացմանը: Այժմ Հայաստանում գործում են 93 երկաթուղային գծանցներ, որից 27-ը հերթապահով գծանցներ են:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է «ՀԿԵ» ՓԲԸ Ենթակառուցվածքի ծառայության պետ Աշոտ Ունուսյանի խոսքերով, հաշվի առնելով գնացքների արագության ավելացումը, ՀԿԵ-ն գծանցներում անվտանգության բարձրացման միջոցառումներ է իրականացնում: Աշոտ Ունուսյանի կարծիքով, գնացքների արագության ավելացումը պահանջում է նաև գծանցների տեխնիկական վերազինում, տեխնոլոգիական ու աշխատանքային կարգապահության մակարդակի բարձրացում:

2011-ին ընկերությունը նախատեսում է իրականացներ գծանցների արդիականացման մի շարք աշխատանքներ, մասնավորապես, գծանցների ուղեանցերի ասֆալտապատում, ուղեփակոցների տեղադրում, մոտեցման հատվածներում սարքավորումների տեղադրում և այլն:

2010 թ. հունիսից նաև գործում է գծանցներում անվտանգության ապահոցման համար ստեղծված հատուկ միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են ՀԿԵ-ի, Տրանսպորտի և կապի, Տարածքային կառավարման, Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները: Հանձնաժողովի կատարված ստուգումների արդյունքում ստեղծվել է գծանցների արդիականացման ծրագիր:

Բացի այդ, այժմ ՀԿԵ-ում անցնում է «Ուշադրությու'ն, գծանց» միամսյակը, որը կավարտվի հունիսի 10-ին: Միամսյակի շրջանակներում ՀԿԵ-ի հանձնաժողովները ստուգում են բոլոր գծանցները, իրականանում են գծանցների և մոտակա ավտոճանապարհների գույքագրումը, կազմում են արձանագրված խախտումների վերացմանն ուղղված միջոցառումների ցանկեր, իսկ գծանցների հերթապահները անցնում են տեխնիկական դասընթացներ: