30 մայիսի 2011 - 19:07 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արամ Առաջին. Մեր ժողովուրդը մեկ է, և մենք պետք է ավելի ամրապնդենք մեր միասնական ոգին

Մայիսի 30-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, որը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ժամանել է Հայաստան` Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ մասնակցելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստին:

Առավոտյան օդանավակայանում Արամ Ա Կաթողիկոսին դիմավորեցին Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Գևորգյան ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ վարդապետ Սարոյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը և Տ. Կյուրեղ աբեղա Դավթյանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Արամ Ա Կաթողիկոսին դիմավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որից հետո միաբանների թափորն Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին առաջնորդեց Մայր Տաճար: Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ համատեղ հանդիպումները կխրախուսեն հայ ժողովրդին` առավել շենացնելու Առաքելական եկեղեցին:

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը, ուրախություն հայտնելով Սուրբ Էջմիածնում գտնվելու համար, մասնավորաբար նշեց. «Մեր հայրենիքը մեկ է, մեր Եկեղեցին մեկ է, մեր մշակույթը մեկ է, որովհետև մեր ժողովուրդը մեկ է: Այս միասնական ոգին մենք պետք է ավելի ամրապնդենք»: Արամ Ա Հայրապետն անդրադարձավ նաև Եկեղեցու, ազգի և հայրենիքի միասնականության առավել հզորացմանն ու ժողովրդի կյանքում Եկեղեցու առաքելության ընդլայնմանն ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միասնական ջանքերին: Արամ Ա Կաթողիկոսը խոսեց նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դրան ի խնդիր հայ եկեղեցու կողմից գործադրվող ջանքերի մասին, հաղորդում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մամլո դիվանը:

ՖՈՏՈՇԱՐՔ