31 մայիսի 2011 - 15:37 AMT
Nokia-ն սկսում է Nokia E6-ի և Nokia X7-ի տարածումը բոլոր մայրցամաքներով

Nokia-ի պաշտոնական բլոգը հաղորդում է, որ Nokia-ն սկսում է Symbian Anna համակարգով աշխատող առաջին Nokia E6-ի և Nokia X7 սմարթֆոնների տարածումը։

Nokia X7-ը հասանելի կլինի Եվրոպայում, Ասիայում, այդ թվում Չինաստանում, Հնդկաստանում և այլ ասիական երկրներում, իսկ E6-ը հասանելի կլինի նաև Մերձավոր Արևելքի երկրներում և Աֆրիկայում։

Ինչպես վերջերս հայտնել էր Հայաստանի «Nokia» բջջային հեռախոսների կենտրոնի վաճառքի տնօրեն Վազգեն Բախշեցյանը PanARMENIAN.Net ի թղթակցին, Nokia E6 հեռախոսները Հայաստան կբերվեն 2011-ի հունիսին, իսկ X7 հեռախոսները դեռևս չեն սպասվում Հայաստանում։

Nokia-ն նկարագրում է Symbian Anna օպերացիոն համակարգը որպես երկար սպասված, ավելի արագ աշխատող և ավելի լավ համակարգված։

Nokia E6-ն ունի 8 MB ներքին հիշողություն և մինչև 32 GB լրացուցիչ հիշողության հնարավորություն։ Հեռախոսը աշխատում է առանց լիցքավորման 7 ժամ 30 րոպե։ Այն աշխատում է 2G/3G ցանցերում, ինչպես նաև ունի WiFi անլար կապին միանալու հնարավորություն։ Ֆոտոխցիկը 8 մեգապիքսել է։

Nokia X7-ը Nokia E6-ի պես աշխատում է Symbian Anna համակարգով։ Հեռախոսն իր ֆունկցիաներով զվարճանքի համար է։ Այն ունի 8 մեգապիքսել ֆոտոխցիկ, 8 GB հիշողության քարտ և ապահովում է մինչև 32 GB լրացուցիչ հիշողություն։ Կարող է միանալ 2G/3G ցանցի և անլար WiFi ցանցի։