31 մայիսի 2011 - 18:04 AMT
Մանուկ Վարդանյանը հրավիրվել է մասնակցելու Հեռահաղորդակցության միջազգային միության 40-ամյակին

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը մայիսի 31-ին ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) զարգացման բյուրի նորանշանակ տնօրեն Սանու Բրախիմայի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը, Մանուկ Վարդանյանը մանրամասն ներկայացրել է հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրները, այդ թվում` կիբերանվտանգության, հաճախությունների աղյուսակի, հեռուստատեսության թվայնացման, վիդեոկոնֆերանսի համար նախատեսվելիք սարքավորումների ձեռքբերման և այլն:

Բացի դրանից, նախարարն առաջարկել է բարձրացնել Ինտերնետի հասանելիության ցուցանիշների առնչությամբ տեղեկատվության փոխանակման օպերատիվությունը:

Սանու Բրախիման իր հերթին նշել է, որ ամեն ինչ կարվի առկա խնդիրները լուծելու, ինչպես նաև առաջարկվող ծրագրերին` այդ թվում կույրերի և վատ տեսողություն ունեցողների համար ինտերնետ կենտրոնի ստեղծմանն օժանդակելու ուղղությամբ: Սանու Բրախիման նախարար Մանուկ Վարդանյանին հրավիրել է մասնակցելու հոկտեմբերին Ժնևում կայանալիք Հեռահաղորդակցության միջազգային միության ստեղծման հոբելյանական 40-ամյակի միջոցառմանը: