1 հունիսի 2011 - 13:38 AMT
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ազգային փոքրամասնություններն Ադրբեջանում կարող են դառնալ «5-րդ գաղութ»

Հայկական ԶԼՄ-ները պետք է ուշադրություն դարձնեն Ադրբեջանի ազգային փորքամասնությունների` թալիշների, լեզգիների, ավարների խնդիրներին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, առկա գործոնների կիրառման դեպքում կարելի է փորձել Ադրբեջանում ստեղծել «5-րդ գաղութ», որը չեզոք դիրքորոշում կզբաղեցնի ղարաբաղյան հարցում: «Ադրբեջանում ուժեղացել են իսլամական տրամադրությունները և այդ դրոշների ներքո հանդես են գալիս ազգային փոքրամասնությունները, որովհետև Ադրբեջանում քաղաքական ընդդիմություն չկա, այլ կա միայն կրոնական»,- ասել է քաղաքագետը և հավելել, որ պետք է այնպես անել, որպեսզի համաշխարհային հանրությունը հասկանա, որ Ադրբեջանը հակամարտության մեջ է ոչ միայն հայերի, այլ նաև ազգային փոքրամասնությունների հետ: «Աշխարհը գիտի միայն Հարավային Կովկասում երեք հակամարտությունների մասին. ղարաբաղյան, աբխազական և հարավ-օսեթական, բայց բոլորովին չգիտի աջարական, հայերի և Վրաստանի ադրբեջանցիների միջև հակամարտությունների մասին»,- ասել է Մելիք-Շահնազարյանը:

Իր հերթին տեղեկատվական անվտանգության հարցերով մասնագետ Վահրամ Միրաքյանը հավելել է, որ Ադրբեջանը «մինի նացիստական պետություն է», սակայն աշխարհում այդ մասին ոչ ոք չգիտի: «Երբ ասում են, որ Հայաստանը զիջում է Ադրբեջանին տեղեկատվական պատերազմում, ապա մեծամասամբ նկատի ունեն այն, որ հայկական կողմն ընդամենն արձագանքում է ադրբեջանական կողմի հայտարարություններին»,- ասել է Միրաքյանը: